Փոխհատուցման ընթացակարգ
Հարգելի՛ քաղաքացի,
ՀՀ կառավարության 2026թ. ապրիլի 9-ի N 459-Ն որոշմամբ հաստատված կարգով փոխհատուցման դիմումն առավել արդյունավետ կազմակերպելու համար խնդրում ենք.
1. Լրացնել էլեկտրոնային հարցաթերթիկ՝ հետևյալ հղման միջոցով.
2. E-request հարթակի միջոցով ներկայացնել դիմում՝ կցելով Ձեր հայտին վերաբերելի բոլոր փաստաթղթերը.
- https://e-request.am/hy հարթակում ընտրեք «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք»
- Մուտք գործեք «Ես Եմ» նույնականացման հարթակի միջոցով, եթե ունեք նույնականացման բջջային քարտ (MobileID) կամ նույնականացման քարտ (eID):
- Եթե ոչ մեկը չունեք, ապա ընտրեք «Հին տարբերակ» և շարունակեք էլ-փոստի/հեռախոսահամարի և գաղտնաբառի միջոցով, իսկ եթե չունեք, ապա գրանցվելով։
- Հաջորդ քայլում ընտրեք «Դիմում» / «Անհատ», «Ո՞ւմ եք ուղղում Ձեր նամակը» դաշտում ընտրեք «ՀՀ արտաքին գործերի նախարարություն»։
- Դիմումի բովանդակության մասում, որպես հիմնական տեքստ, կարող եք օգտագործել ստորև նշված տեքստը՝ ըստ անհրաժեշտության ավելացնելով այլ տեղեկություններ։
Տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 2026թ. ապրիլի 9-ի N 459-Ն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցում ստանալու նպատակով լրացրել եմ էլեկտրոնային հարցաթերթիկը և կցում եմ իմ հայտին վերաբերելի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ կատարված վճարումների հիմքերը և գրավոր համաձայնություն(ներ)ը։
Իմ դրամային բանկային հաշվեհամարն է.
Անուն, ազգանուն, հայրանուն, 0000000000000000, բանկի անվանումը
Հաստատում եմ, որ իմ կողմից ներկայացված ողջ տեղեկատվությունը ճիշտ է, իսկ կից ներկայացված փաստաթղթերն իսկական են։
Տեղեկացված եմ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին։
6. «Նամակին կից ներկայացվող փաստաթղթերը» մասում կցեք Ձեր հայտին վերաբերելի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
7. Հաջորդ՝ «Ստորագրել և ուղարկել» քայլում ստորագրեք Ձեր դիմումը երեք հնարավոր տարբերակներից որևէ մեկով։
8. Եթե չեք կարող, ապա ընտրեք «Չստորագրել» տարբերակը։ Այս դեպքում կտեսնեք հետևյալ հաղորդագրությունը.
«ՀԱՐԳԵԼԻ ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ
Քանի որ չստորագրված նամակը չի հավաստում, որ ուղարկվել է հենց Ձեր կողմից, պետական մարմինը կարող է դրան ընթացք չտալ կամ պահանջել լրացուցիչ հավաստում։»
Անկախ այս հաղորդագրությունից՝ Ձեր դիմումին ընթացք կտրվի։
Փաստաթղթերի թերի լինելու կամ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության դեպքում դիմողին կառաջարկվի եռօրյա ժամկետում լրացնել դրանք։
Գրավոր համաձայնություն
Խնդրում ենք https://e-request.am/hy համակարգի միջոցով ներկայացվող դիմումին կցել նաև Ձեր գրավոր համաձայնությունը՝ ստորագրված, լուսանկարված կամ սկանավորված տեսքով (PDF ձևաչափով)։ Լուսանկարելու դեպքում աշխատեք փաստաթուղթը լուսանկարել հնարավորինս ուղիղ, լուսավոր վայրում, առանց ստվերների և կողմնակի առարկաների։
Յուրաքանչյուր չափահաս անձ պետք է ներկայացնի առանձին համաձայնություն։ Ծնողներից մեկի կողմից տրված համաձայնությունը բավարար է իր անչափահաս երեխաների անձնական տվյալները մշակելու համար։
Ներբեռնել գրավոր համաձայնության օրինակելի ձևը (PDF)
Կցվող փաստաթղթերի ձևաչափը
Խնդրում ենք հնարավորության դեպքում բոլոր ֆայլերը ներկայացնել PDF ձևաչափով։
Տեղեկությունների ստուգման կարգը
Ձեր կողմից ներկայացված տեղեկությունները ստուգվելու են ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի, ինչպես նաև ձեռք բերված ավիատոմսերի, դրանց արժեքների և ստացված փոխհատուցումների վերաբերյալ ավիաընկերություններին ուղղված հարցումների միջոցով։
Անհատական և խմբային հայտեր
Փոխհատուցման հայտը ՀՀ քաղաքացին կարող է ներկայացնել միայն իր և իր ընտանիքի անդամների (ամուսին, երեխա, ծնող, քույր, եղբայր) համար։ Ընտանեկան կապը պետք է ապացուցվի անձնագրերի և ծննդյան վկայականների միջոցով, իսկ անչափահասների դեպքում, որպես այլընտրանքային միջոց, նաև անձնագրում ծնողների վերաբերյալ առկա նշումների միջոցով։
Ինչ արժույթով ներկայացնել գումարները
Խնդրում ենք վճարված գումարները ներկայացնել ՀՀ դրամով՝ փակագծերում նշելով այն արժույթը, որով փաստացի կատարվել է վճարումը, այսինքն՝ արտացոլված է ավիատոմսի և վճարումը հավաստող փաստաթղթերում։
Հաշվարկը կատարելու համար անհրաժեշտ է կիրառել ՀՀ կենտրոնական բանկի կողմից գործարքի օրվա համար սահմանված հաշվարկային փոխարժեքը։ Տե՛ս հղումը (փոխարժեքների արխիվ).
https://www.cba.am/hy/exchange-rates-archive/
Փոխհատուցվող գումարի փոխանցումը
Փոխհատուցման գումարը կարող է փոխանցվել ՀՀ ցանկացած առևտրային բանկում ՀՀ քաղաքացու՝ իր անունով գործող դրամային հաշվին։
Եթե փոխհատուցումը հայցվում է մեկից ավելի անձանց համար, ապա հիմնական հայտատուի բանկային հաշվին կարող է փոխանցվել իր հետ ճամփորդած ընտանիքի անդամների (ամուսին, երեխա, ծնող, քույր, եղբայր) փոխհատուցման գումարը։
Եթե փոխհատուցումը վերաբերվում է տարբեր ընտանիքներից բաղկացած խմբին, որոնք ունեցել են մեկ միասնական ավիատոմս, ապա հայտերը պետք է ներկայացվեն «Մեկ ընտանիք - մեկ հայտ» սկզբունքով։
Հետադարձ կապ
Խնդրում ենք ՀՀ ԱԳՆ փոխհատուցման թիմի հետ հաղորդակցվելու, հարցեր ուղղելու և լրացուցիչ փաստաթղթեր ուղարկելու համար օգտագործել հետևյալ էլ-փոստի հասցեն՝ նամակի վերնագրում միշտ նշելով հիմնական հայտատուի անձնագրի համարը (օրինակ՝ AF1234567).
Էլ-փոստ՝ compensation@mfa.am
Թեժ գիծ՝ +37455620111 (WhatsApp)