Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ
Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի տեսակները
| № | Կացության կարգավիճակի տեսակը | Տրամադրվող փաստաթղթի տեսակը | Փաստաթղթի վավերականությունը |
| 1 | Ժամանակավոր | Ժամանակավոր կացության քարտ | Մինչև 1 տարի |
| 2 | Մշտական | Մշտական կացության քարտ | 5 տարի |
| 3 | Հատուկ | Հատուկ անձնագիր | 10 տարի |
Որտեղ դիմել
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման վարչություն
Հասցե՝ Թաիրովի 14, Երևան
Աշխատանքային օրեր՝ Երկ, Երք, Չրք, Հնգ 09։00-17։00, Ուրբ՝ 10։00-17։00
Ով կարող է դիմել ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ստանալու համար
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ:
Այդպիսի հանգամանքներ կարող են լինել՝
- ուսումը,
- աշխատանքի թույլտվության առկայությունը,
- ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը,
- ՀՀ-ում քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը,
- ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը,
- ազգությամբ հայ լինելը,
- օրենքով սահմանված այլ դեպքեր:
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:
Ով կարող է դիմել ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ստանալու համար
Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`
- ապացուցում է Հայաստանում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, ՀՀ-ում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում,
- ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը,
- ազգությամբ հայ լինելը։
Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:
Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:
Պահանջվող փաստաթղթերը
1) դիմում.
2) 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար.
3) անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
4) ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր.
5) առողջական վիճակի մասին տեղեկանք.
6) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Որքան է կազմում պետական տուրքը
| № | Ծառայություն | Դրույքաչափ |
| 1 | Ժամանակավոր կացության քարտի տրամադրում (մինչև 1 տարի) | 105,000 ՀՀ դրամ |
| 2 | Ժամանակավոր կացության քարտի երկարաձգում (մինչև 1 տարի) | 105,000 ՀՀ դրամ |
| 3 | Մշտական կացության քարտի տրամադրում (5 տարի) | 140,000 ՀՀ դրամ |
| 4 | Հատուկ անձնագիր (10 տարի) | 150,000 ՀՀ դրամ |
Ներկայացված դրույքաչափերը սահմանված են «Պետական տուրքի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում
Փոխադարձության սկզբունքի հիման ԱՄՆ քաղաքացիների համար կիրառվում են պետական տուրքի հետևյալ դրույքաչափերը.
| № | Ծառայություն | Դրույքաչափ |
| 1 | Ժամանակավոր կացության քարտի տրամադրում (մինչև 1 տարի) | 85,000 ՀՀ դրամ |
| 2 | Ժամանակավոր կացության քարտի երկարաձգում (մինչև 1 տարի) | 1,000 ՀՀ դրամ |
| 3 | Մշտական կացության քարտի տրամադրում (5 տարի) | 140,000 ՀՀ դրամ |
Ներկայացված դրույքաչափերը սահմանված են «Պետական տուրքի մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 29.03.2019թ. թիվ 300-Ն որոշման հիման վրա
Ինչպես վճարել
Կացության կարգավիճակի համար սահմանված պետական տուրքը հնարավոր է վճարել պետական վճարումների E-Payments համակարգի միջոցով, բանկերում կամ տեղում՝ վճարային տերմինալների միջոցով.
Վճարել Ժամանակավոր կացության քարտի համար (մինչև 1 տարի)
Վճարել Մշտական կացության քարտի համար (5 տարի)
Կացության կարգավիճակի դիմումի քննարկման ժամկետները
Դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում: